Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի փորձագետները մրցանակների են արժանացել Մինսկում կայացած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթում
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Սոնա Նիկոլյանը և պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Քրիստինա Մաչկալյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 20-ին կայացած դատափորձագիտության բնագավառի երիտասարդ հետազոտողների «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթում արժանացել են մրցանակների: Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում կայացած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» գիտական աշխատանքների մրցույթը, որին մասնակցում էին եզրափակիչ փուլ անցած շուրջ երկու տասնյակ երիտասարդ հետազոտողներ, նպատակ ունի երիտասարդներին ներգրավելու դատական փորձաքննության արդի հիմնախնդիրներին առնչվող գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում:
Մրցույթի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Սոնա Նիկոլյանը հանդես է եկել «Հայաստանյան շուկայում սպառվող ըմպելի յոգուրտներում և բիոկեֆիրներում Bacillus ցեղի հեմոլիտիկ ակտիվությամբ օժտված տեսակների հայտնաբերումը» թեմայով զեկույցով, որում անդրադարձել է կաթնամթերքում սպոր առաջացնող մանրէների տարածմանը, դրանց կենսաքիմիական հատկությունների ուսումնասիրմանը և նորագույն մեթոդների կիրառմամբ կաթնամթերքի մանրէազերծմանը:
Սոնա Նիկոլյանի հիշյալ գիտական աշխատանքն ընդգրկվել է առավել ստեղծագործ երիտասարդ գիտնականների լավագույն աշխատանքների եռյակում և արժանացել 2-րդ աստիճանի դիպլոմի:
Իսկ Բյուրոյի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Քրիստինա Մաչկալյանի «Ատոմային աբսարցիոն սպեկտրոսկոպիայի կիրառումը դատաձգաբանական փորձաքննությունում» թեմայով գիտական հոդվածը հաղթող է ճանաչվել «Լավագույն գիտական տեսական աշխատանք» անվանակարգում:
Հաղթողներին և մրցանակակիրներին պատվոգրեր է հանձնել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթի ժյուրիի պատվավոր անդամ, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը` ընդգծելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման և երիտասարդ գիտնականներին դատափորձագիտական ոլորտում առավել ակտիվ ներգրավելու կարևորությունը։
28 Դեկտեմբեր 2016